Ֆրանսահայը Թուրքիայից արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով
Թուրքիայի իրավապահները Ստամբուլի «Աթաթուրք»-ի միջազգային օդանավակայանից արտաքսել են ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջիին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ հղում տալով «Ակօս» շաբաթաթերթին: Ինչպես հաղորդվում է, ֆրանսահայը արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով:
Դեպքի մանրամասները թերթին հայտնել է Ռիչարդ Դեմիրջիի որդին՝ Դանիել Դեմիրջին:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան և ուղևորներից, այդ թվում՝ Դեմիրջիից անձնագիր պահանջել: Երբ Դեմիրջին իր ֆրանսիական անձնագիրը ներկայացնելուց հետո ոստիկանների հարցերին պատասխանել է թուրքերենով, նրան հարցրել են, թե արդյոք նա թուրք է:
Ոստիկանները նշել են. «Թուրքերեն ես խոսում, ծննդավայրդ Սղերթ է նշված, ինչպե՞ս թե թուրք չես»: Ի պատասխան՝ Դեմիրջին ասել է, որ ազգությամբ հայ է, Ֆրանսիայի քաղաքացի: Դրանից հետո ոստիկանները որոշել են, թե նա ահաբեկիչ է և իջեցնելով մեքենայից շտապ մեկուսացրել են, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրան արտաքսել են:
Որդու տեղեկացմամբ՝ Ռիչարդ Դեմիրջին ամիսը մեկ անգամ աշխատանքային այցով մեկնում էր Թուրքիա, իսկ այժմ նրա մուտքն արգելվել է: