Մեծանուն գրող Մարկ Տվենը և 5 դոլարանոցը
Մի առիթով ինչ-որ մեկը Մարկ Տվենին հարցրեց՝ արդյոք նա հիշում է, թե երբ և ինչպես է վաստակել առաջին գումարը:
«Բավականին լավ եմ հիշում,- պատասխանեց մեծանուն գրողը: Իմ պատանեկության տարիներին աշակերտները հարգանք չէին ցուցաբերում իրենց ուսուցիչների, մասնավորապես գույքի՝ աշակերտական սեղանների նկատմամբ. տղաները գրիչներով, մատիտներով, անգամ դանակներով սեղանների վրա անուններ, աստղեր էին նկարում կամ փորագրում: Դա հանգեցրեց մեր դպրոցի տնօրենի զայրույթին: Հիշում եմ, թե ինչպես զայրացած ասաց՝ «Մյուս անգամ ցանկացած մեկը նմանատիպ արարքի համար ստիպված կլինի 5 դոլար վճարել կամ արժանանալ ծեծի ողջ դպրոցի առաջ»: Շատ չանցած՝ «գործս անելուց հետո» գնացի հորս մոտ՝ 5 դոլար խնդրելու: Ես ազնվորեն բացատրեցի՝ ինչումն է բանը և ավելացրի, որ ծեծ ուտելու մտադրություն չունեմ: Հայրս ասաց՝ «Ես թույլ չեմ տա, որ քո անունը վարկաբեկվի. ես քեզ կտամ այդ 5 դոլարը, բայց դու պետք է պատժվես արածիդ համար և կպատժվես հենց այստեղ՝ տանը»: Հայրս ինձ ծեծեց, հետո տվեց փողը, որ տանեմ դպրոց: Ճանապարհին ես մտածում էի, որ հայրական ծեծը ինձ այդքան էլ ցավ չպատճառեց ու դպրոցի ծեծը դժվար թե ավելի ահավոր լինի: Հասնելով դպրոց՝ ես նրանց ասացի՝ «ծեծեք ինձ ողջ դպրոցի առաջ» և այդպիսով 5 դոլարը պահեցի ինձ: Ահա թե ինչպես եմ վաստակել իմ առաջին գումարը: