Գյուլենը չի բացառել Թուրքիայի հեղաշրջման մեջ իր կողմնակիցների մասնակցությունը
Ֆեթհուլլահ Գյուլենը խոստովանել է, որ իր կողմնակիցները կարող են ներգրավված լինել Թուրքիայում հեղաշրջման կազմակերպմանը, սակայն հերքել է իր մասնակցությունը: CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ մասնակիցների թվում կարող էին լինել մարդիկ, ովքեր իր շարժման կողմնակիցներն էին:
Բացի այդ, նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին հետաքննել իր հասցեին` Թուրքիայի իշխանությունների հնչեցրած մեղադրանքները: «Եթե ես ասել եմ ինչ-որ բան շփվելիս, կամ հեռախոսով խոսելիս, եթե այդ մեղադրանքների գոնե մի մասը ճիշտ են, ես կխոնարհեմ գլուխս և կընդունեմ մեղքս` ասելով` այո իրենք իրավացի են, տարեք և կախաղան հանեք ինձ»,- ասել է Գյուլենը:
Խոսելով հեղաշրջման մասին` նա ասել է, որ ինչ-որ մեկը աշխատել է սցենարի վրա: Նրա խոսքով, դա ավելի նման է հոլիվուդյան ֆիլմի, քան ռազմական հեղաշրջման և հիշեցնում է նախապես մտածված սցենար: