Թուրքիայում կարծում են, որ զինված ուժերում փոփոխությունները բացասաբար կազդեն դրա վրա
Թուրքիայի զինված ուժերում կատարվող փոփոխությունները բացասական հետևանքներ կունենան, քանի որ որոշումներն ընդունվել են շատ արագ և լավ չեն մտածվել: Այս մասին «Sputnik» գործակալության հետ զրույցում նշել է պաշտոնաթող գեներալ և Թուրքիայի պաշտոնաթող սպաների ասոցիացիայի ղեկավար Էրդողան Կարակուշը:
Թուրքիայի կառավարությունը նոր ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատել է, որ ցամաքային, ծովային և օդային զորքերն ու ուժերը դուրս են գալիս գլխավոր շտաբի վերահսկողությունից և անցնում են ազգային պաշտպանության նախարարության վերահսկողության տակ: Թուրքիայի նախագահն ու վարչապետը հատուկ լիազորություններ են ստանում, այդ թվում` նրանք կարող են հրամաններ տալ ռազմական կառույցներին, երբ դրանք անհապաղ օգտագործելու կարիք լինի:
«Որոշումը մտածված չէ, ընդունված է շատ արագ և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ժողովրդի և պետության համար, մանավանդ ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է Կարակուշը:
Թուրքական բանակն իր մեծությամբ ՆԱՏՕ-ում երկրորդն է, Եվրոպայում այն իր քանակությամբ զիջում է միայն Ռուսաստանին: Ըստ 2014 թ-ի տվյալների, թուրքական բանակում կա 610 հազար մարդ: ՆԱՏՕ-ում թուրքական բանակին իրենց մեծությամբ հետևում են ֆրանսիական և բրիտանական բանակները, որոնք երեք անգամ ավելի քիչ են իրենց թվաքանակով: