Թուրքիայում ավելի քան 1 000 բերման ենթարկված զինվորական է ազատ արձակվել
Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել 1 200 զինվորականի, ովքեր բերման էին ենթարկվել երկում ռազմական հեղաշրջման փորձ կատարելուց հետո: Այս մասին հայտնել է Անկարայի գլխավոր դատախազ Հարուն Քոդալաքը: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
Համաձայն վերջին տվյալների՝ Թուրքիայի 246 քաղաքացի է մահացել հեղաշրջման փորձի հետևանքով՝ չհաշված ապստամբներին, ավելի քան 2 000 մարդ վնասվածքներ է ստացել: Հեղաշրջման փորձը հետաքննելիս իշխանություններն ավելի քան 10 000 մարդու են բերման ենթարկել: Էրդողանի խոսքով՝ կալանքի տակ է ավելի քան 4 000 մարդ, այդ թվում՝ 103 բանակի գեներալ:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական լրատվական գործակալությունը, բոլոր ազատ արձակվածները շարքայիններ են: Թուրքիայի մայրաքաղաքի գլխավոր դատախազը նաև նշել է, որ իշխանություններն աշխատում են, որպեսզի արագ պարզեն, թե ովքեր են բերման ենթարկվածներից կրակել մարդկանց վրա, իսկ ովքեր՝ ոչ: