Դե Միստուրան մոտ օրերս կմեկնի Թուրքիա
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մոտ օրերս կմեկնի Թուրքիա` թուրք պաշտոնյաների հետ սիրիական ճգնաժամի հարցով բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Թուրքական իշխանությունները, չնայած երկրում ռազմական հեղաշրջման փորձին, շատ լրջորեն կենտրոնացած են Սիրիայի ճգնաժամի և քաղաքական որոշման հասնելու կարևորության վրա»,- Դե Միստուրայի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված կոնֆլիկտը, որի հետևանքով, Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, մահացել է ավելի քան 280 000 մարդ: Առավել ակտիվ գործունեություն են ծավալում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները: