Պան Գի Մունը կոչ է արել Թուրքիային հարգել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարելու և երկրում շարունակվող ձերբակալությունների հետ կապված կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետևել սահմանադրական կարգին, հարգել մարդու իրավունքները և միջազգային պարտավորությունները: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Պան Գի Մունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, թե լիովին հավատարիմ են իրավունքի գերակայությանն ու օրինական հետաքննությանը:
«Դա հատկապես կարևոր է երկրում արտակարգ դրություն հայտարարելուց և շարունակվող զանգվածային ձերբակալություններից և կալանքներից հետո»,-նշվում է հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, ըստ իրենց հավաստիացումների, անել առավելագույնը սահմանադրական կարգի և մարդու իրավունքների միջազգային նորմերի լիակատար ապահովման համար` համաձայն Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությունների»,- նշվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: