Թուրքիայի վարկային վարկանիշը կտրուկ իջեցվել է. Էրդողանը կատաղած է
Ստամբուլի բորսան այսօր անկում է ապրել 3.5 տոկոսով «S&P» գործակալության կողմից Թուրքիայի վարկային վարկանիշն իջեցնելու պատճառով: Իսկ վերջինիս պատճառը եղել է երկրում արտակարգ դրություն մտցնելը: «S&P» իջեցրել է Թուրքիայի վարկանիշը «ВВ+»-ից «ВВ», ինչը ներդրումային չափանիշներով երկու աստիճան ցածր է: Վարկանիշի կանխատեսումը բացսական է, ինչը հնարավոր է դարձնում նոր իջեցման հավանականությունը: «S&P»-ն կարծում է, որ հեղաշրջման փորձից հետո տիրող քաղաքական անորոշությունը ազդում է ներդրումների, բյուջեի և կապիտալի հոսքերի վրա: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխանել է միջազգային գործակալությանը` նշելով.«Արտասահմանյան և հայրենական ներդրողները չպետք է անհանգստանան արտակարգ դրության ռեժիմի պատճառով: «Standard & Poor’s», ի՞նչ եք անում դուք Թուրքիայի հետ: Թուրքիան ձեր սեփականությունը չէ: Այս կազմակերպությունը նախկինում էլ է նման քայլերի դիմել և մենք արդեն ասել ենք նրանց, որ չենք ցանկանում այլևս նրանց հետ կապ ունենալ»:
Նշենք, որ ավելի վաղ մեկ այլ միջազգային կազմակերպություն` «Moody’s»-ը հայտարարել էր, որ կքննարկի Թուրքիայի վարկանիշը: Այս ֆոնին Թուրքիայի հնգամյա պարտատոմսերի ռիսկայնությունը վերջին 5 ամիսների ընթացքում հասել է ամենաբարձր ցուցանիշին:
.