Անհամապատասխանություններ՝ Էրդողանի և Գլխավոր շտաբի հայտարարություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գլխավոր շտաբի հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջման փորձի մասին տեղեկություն ստանալու մասին, չեն համապատասխանում միմյանց: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Cumhurriyet» թերթին:
Էրդողանը «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ հեղաշրջման մասին տեղեկությունը ստացել է Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին: Իսկ այսօր Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Գլխավոր շտաբին ռազմական հեղաշրջման փորձի մասին հայտնել է Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալը ռազմական հեղաշրջման փորձի օրը իր ենթականերից մեկի դստեր հարսանիքին է եղել, որի ժամանակ էլ նա և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ձերբակալվել են: