Կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
Կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը:
Ծնվել է 1945թ. փետրվարի 17-ին, Երևանում: Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: Հայկական հեռուստատեսությունում, որպես հեղինակ, տասը տարի վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը (1980-90թթ):
1979թ-ից գրահրատարակչական ասպարեզում է: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003թթ` ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965թ-ից տպագրվել է: Նրա ստեղծագործությունները մշտապես եղել են քննադատության և ընթերցողների ուշադրության կենտրոնում: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ:
Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում: 1975թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: