Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ»-ում վերջինը երգելու, Գերմանիայից 12 միավոր չստանալու և Ջասթին Թիմբերլեյքի հետ հանդիպման մասին (տեսանյութեր)
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանն օրերս Լոնդոնում է` ամենամյա «Armenian Street Festival»-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:
Իվետան փառատոնի հատուկ հյուրն է եղել և ելույթ է ունեցել տեղի հայ համայնքի համար։
Փառատոնի` այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:
Իվետան կատարել է երգեր իր երգացանկից, նաև ներկայացրել իր ու դուդուկահար Գևորգ Կարապետյանի նոր ստեղծագործությունը, որի շնորհիվ հայկական դուդուկի և զուռնայի հնչյունները տարածվել են ողջ Քենսինգթոնում։
Համերգին անդրադարձել է եվրատեսիլյան նորություններ լուսաբանող բրիտանական «Wiwibloggs» կայքը, որի հաղորդավարներից մեկը զրույց է ունեցել Իվետա Մուկուչյանի հետ:
«Հիանալի էր։ Անկեղծ ասած՝ ես չգիտեի, թե ինչ կարելի է ակնկալել, քանի որ առաջին անգամ եմ այստեղ, բայց ամեն ինչ շատ լավ էր։ Մոտ 2000-3000 հանդիսատես (ոչ միայն հայեր), հրաշալի էներգետիկա»,- նշել է երգչուհին:
Իվետան պատմել է իր զգացողությունների մասին «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչում վերջինը երգելու և ելույթից հետո Ջասթին Թիմբերլեյքի հետ հանդիպելու մասին:
«Ինձ համար պատիվ էր երգել վերջինը և փակել այդ միջոցառումը։ Ես ընդհանրապես հուզված չէի, քանի որ ցանկանում էի լիարժեք վայելել եվրատեսիլյան բեմում անցկացրած ամեն վայրկյանը»,- նշել է Իվետան՝ կատակելով, որ ի տարբերություն մյուսների, ավելի շատ ժամանակ է ունեցել հարդարվելու համար։
Իսկ Ջասթին Թիմբերլեյքի մասին խոսելիս երգչուհին կրկին կատակել է՝ ասելով, դա անմոռանալի ակնթարթ էր, բայց ցավոք Ջասթինը համերգից հետո չզանգեց իրեն։
Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով` ինչու Գերմանիայից 12 միավոր չստացավ, Իվետան նշել է, որ չգիտի, և դրա մասին պետք է ինքը հարցնի գերմանացիներին: