Քերրին նախազգուշացրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկվելու հնարավորության մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները խախտում են ժողովրդավարական սկզբունքները և կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Այս մասին հաղորդում է «The Indepedent»-ը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսում Քերրին նշել է, որ ԱՄՆ-ը կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»:
Բացի այդ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիայի կառավարությանը «հարգել ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայությունը»:
«Մենք, անխոս, աջակցում ենք հեղաշրջման մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու գործընթացին, սակայն մենք նաև զգուշացնում ենք, որ դրա սահմաններից դուրս քայլեր չպետք է արվեն»,- հավելել է պետքարտուղարը:
Մոգերինին զգուշացրել է, որ այն երկրները, որոնք թույլատրում են մահապատիժը, չեն կարող միանալ Եվրամիությանը: Իսկ Քերրին հավելել է, որ «ՆԱՏՕ-ն ևս պահանջում է, որ իր անդամները հարգեն ժողովրդավարությունը»: