«ՀայԿադր» ՀԿ-ն Հեյդար Ալիևի 90-ամյակին նվիրված ֆի՞լմ է նկարահանելու. ՀԿ-ի պարզաբանումը
ՀայԿադր հասարակական կազմակերպությունը, լինելով Հայաստանում գործող ֆիլմարտադրության ու ազգային արժեքների պահպանման սփյուռքի միակ ՀԿ-ն, պաշտոնապես հերքում է ադրբեջանական մամուլում շրջանառվող այն լուրերը, որ «ՀայԿադր» -ը պատրաստվում է ֆիլմ նկարահանել' նվիրված Հեյդար Ալիևի 90 ամյակին' իբրև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարեկամության քայլ:
Բնականաբար, բոլորն էլ այսօր ձգտում են խաղաղության տարածաշրջանում և հարևան պետությունների հետ քիչ թե շատ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Սակայն լինելով հասարակական կազմակերպություն, որի գործունեությունը ուղղված է հայկական արժեքների պահպանմանը ու հայ պատմության վերհանմանը ֆիլմերի միջոցով, անհնար է պատկերացնել այդ ֆիլմի նկարահանումը մեր ՀԿ-ի կողմից, քանզի նմանատիպ ֆիլմն ամբողջությամբ կհակասեր մեր հիմնական գործառույթներին և նպատակներին: Հեյդարի Ալիևի 90 ամյակին նվիրված ֆիլմը' իբրև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարեկամության քայլ, մեր կազմակերպությանն ուղղված սադրանք է Ադրբեջանի կողմից: Կոչ ենք անում առավել զգոն լինել և նման սադրանքին ակամա աջակից չդառնալ' այն լրահոսում շրջանառելով:
Հ.Գ. ՀայԿադր հասարակական կազմակերպության ամենամեծ նախագծերից ֆրանսիական «ՎիվաՍինեմա» ընկերության հետ համատեղ աշխատանքն է' ֆրանսիահայ ռեժիսոր Վասկեն Թորանիանի «Պայքարողների պարը» ֆիլմը, որի հիմքում ընկած է ցեղասպանությունից մինչև մեր օրերն ընկած նկարագիրը:
«ՀայԿադր» Հասարակական Կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետությունում: Կազմակերպության նպատակն է տարածել հայագիտական գաղափարներ, վերհանել հայ պատմությունը և այն ներկայացնել նոր սերնդի աչքերով: Այն տաղանդաշատ անհատների բաց հարթակ է' կերտելու արվեստի նմուշներ, որոնք կարտացոլեն պատմական իրադարձություններ, ինչպես նաև կփնտրեն արդիական' սոցիալական և մշակութային, տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող խնդիրների հնարավոր լուծումներ:
Մարգարիտա Գրիգորյան
«ՀայԿադր» ՀԿ-ի փոխտնօրեն