Իտալիայի արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային վրեժխնդիր չլինել ապստամբներից
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո Եվրամիության շրջանակներում գործում է լիակատար համաձայնություն այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների աջակցության հարցում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին ԵՄ Խորհրդի արտասահմանյան հարցերով ներկյացուցիչների և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի միջև առավոտյան աշխատանքային նախաճաշից հետո: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Իտալիայի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Թուրքիայում չպետք է վրեժխնդրությունը տեղ ունենա, իսկ մեծաքանակ դատավորների ձերբակալությունները հիշեցնում են «զտումներ»: Ջենտիլոնին նաև իր մտահոգությունն է հայտնել այն հարցով, որ չհաջողված հեղաշրջումից հետո Թուրքիայում մտադիր են վերականգնել մահապատիժը:
«Հենց դա էլ այն բանի խորհրդանիշն է, որի հետ Եվրոպան երբեք չի կարող համաձայնվել»,- նշել է նախարարը: