Էրդողանի ինքնաթիռը հեղաշրջման կողմնակիցների կողմից թիրախավորված է եղել օդում
«F-16» կործանիչների երկու օդաչու, ովքեր ռազմական հեղաշրջման կողմնակիցներից են եղել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը և նրան ուղեկցող երկու «F-16» կործանիչները թիրախավորել էին, սակայն չեն հարձակվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Reuters» գործակալության կայքին:
Աղբյուրի տվյալներով` դա տեղի է ունեցել, երբ Էրդողանն ինքնաթիռով վերադառնում էր հանգստից` զբոսաշրջային Մարմարիս քաղաքից Ստամբուլ:
«Համենայն դեպս, երկու կործանիչները հետևում էին Էրդողանի ինքնաթիռին, մինչ նա օդում էր` Ստամբուլի ճանապարհին: Նրանք թիրախավորել էին նրա ինքնաթիռն ու երկու կործանիչները, որոնք պաշտպանում էին ինքնաթիռը»,- գործակալությանը հայտնել է պաշտոնաթող թուրք զինվորականը, ով ծանոթ է եղել իրավիճակին:
Նա նշել է, որ իր համար հանելուկ է այն, թե ինչու ապստամբները չեն կրակել: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է այս տեղեկությունը:
Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ նախագահական ինքնաթիռը «երկնքում խնդիրներ է ունեցել», սակայն չի նշել մանրամասները: