Քերրին Թուրքիայում հեղաշրջմանը ԱՄՆ-ի մասնակցության լուրերը բացարձակ սուտ է անվանել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ զրույցում հայտարարել է, որ այն պնդումները, թե ԱՄՆ-ը մասնակցել է Թուրքիայում հեղաշրջման փորձին, բացարձակ սուտ են: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը` հղում անելով Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
«Քերրին հստակ հասկացրեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել թուրքական իշխանություններին հետաքննության իրականացման գործում, սակայն հանրային մեղադրանքներն ու հայտարարությունները հեղաշրջման փորձի մեջ ԱՄՆ-ի ինչ-որ ներգրավվածության վերաբերյալ բացարձակ սուտ են և վնասում են երկկողմ հարաբերություններին»,- հաղորդել է Քիրբին:
Չավուշօղլուի հետ զրույցում պետքարտուղարը նաև հայտնել է, որ Անկարան պետ է զսպվածություն ցուցաբերի և հետևի օրենքի տառին դավադրության հետաքննությունը վարելիս:
Կողմերը քննարկել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հետագա պայքարի շարունակման անհրաժեշտության հարցը: