Թեհրանն ու Անկարան քննարկել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով Իրանի ԱԳՆ հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է, Չավուշօղլուն Զարիֆին զեկուցել է Թուրքիայում տիրող իրավիճակի մասին: Այդ հեռախոսազրույցը թվով երրորդն է դարձել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Ավելի վաղ Զարիֆն իր անհանգստությունն էր հայտնել՝ կապված Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Խորապես մտահոգված եմ Թուրքիայի ճգնաժամի համար: Թուրք ժողովրդի կայունությունը, անվտանգությունն ու դեմոկրատիան առաջնահերթություններ են: Միասնությունն ու ողջամտությունն անհրաժեշտ են»,- թվիթթերյան իր էջում գրել է նա: