Թուրքիան փորձում է ուշքի գալ ռազմական հեղաշրջման փորձից հետո. ձերբակալվել է 1563 զինվորական
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը համեմատաբար կայունացել է: Թուրքիայի ոստիկանության ղեկավար Ջելալեթթին Լեքեսիզի խոսքով՝ հեղաշրջման մասնակիցների հետ բախումները շարունակվում են, «սակայն մոտ են հանգուցալուծմանը»: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Համենայն դեպս, ապստամբների շրջանում հույսը դեռ չի մարել, և նրանք հայտնում են իշխանափոխության համար պայքարը շարունակելու մասին:
Համաշխարհային ավիաընկերությունները չեղարկում և հետաձգում են դեպի Թուրքիա չվերթերը: Իրավապահ մարմինները վերջին տվյալներով ձերբակալել են 1563 զինվորական ապստամբի: Թուրքական «Anadolu» գործակալության տվյալներով՝ ազատ է արձակվել Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Ակարուն, ով երեկ գիշերը պատանդ էր վերցվել: Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ հեղաշրջման ավելի քան 100 կողմնակից մահացել է: