Դեղաբույսերի եփուկներով լոգանքների նշանակությունը
Դեղաբույսերի եփուկներով բուժական լոգանքները (հիդրոթերապիա) խիստ օգտակար են բազում հիվանդությունների դեպքում: Այս լոգանքներն ունեն ոչ միայն բուժական, այլև՝ կոփող և երիտասարդացնող նշանակություն: Լոգանքի համար պատրաստի պատրաստուկների փոխարեն նախընտրելի են դեղաբույսերի ակտիվ նյութերը, որոնք անվնաս են և տալիս են հիանալի արդյունք:
Նախքան լոգանք ընդունելը' մարմինը պետք է օճառով լավ լվանալ' թթվաճարպային պաշտպանիչ թաղանթը մաշկի մակերեսից հեռացնելու և օրգանիզմի մեջ ակտիվ նյութերի թափանցումը հեշտացնելու համար: Հիմնականում դեղաբույսերի եփուկներով բոլոր լոգանքները պատրաստվում են նույն եղանակով:
Հարկ ենք համարում նշել, որ ուտելուց անմիջապես հետո չի կարելի լոգանք ընդունել, քանի որ խանգարվում է մարսողության ընթացքը, իսկ սիրտ-անոթային համակարգը լրացուցիչ անգամ ծանրաբեռնվում է: Ավելին' լոգանք ընդունելու ժամանակ գլուխը և սիրտը պետք է ջրից դուրս լինեն:
Դեղաբույսերի եփուկով լոգանքները կատարվում են շաբաթը մեկ անգամ 20-25 րոպե տևողությամբ, որից հետո լոգանքը նախընտրելի է ավարտել գոլ կամ սառը ցնցուղով: