Հովհաննես Քյուրքչյան՝ Անիի առաջին հայ լուսանկարիչը
Հովհաննես Քյուրքչյանը (1851-1903) ծնվել է Երևանում, 1877-78 թթ. մասնակցել ռուս-թուրքական պատերազմին, որի ընթացքում տեսել և հիացել է քաղաքամայր Անիի ճարատարապետական կոթողների գեղեցկությամբ, որոշելով անպայման անմահացնել այդ ամենը:
Հայտնի է, որ Քյուրքչյանը Անիում բազմաթիվ լուսագրումներ է կատարել 1879 թվականին, ապա դրանց մի մասը ստերեոսկոպիկ քարտերի տեսքով հրատարակել 1880-ականների սկզբին:
«Անի. մայրաքաղաք Բագրատունյաց» քարտերի ժողովածուի տպագրությունը իրակացվեց Վիեննայում, սակայն ժողովածուի տիտղոսաթերթի և քարտերի վրա նշված է Քյուրքչյանի հայրենի քաղաքի անունը՝ Երևան, իսկ նկարների մակագրությունները հայերեն և ֆրանսերեն են: Հայերեն են նաև քարտերի վրա առկա Քյուրքչյանի ինքնագիր ստորագրությունները:
Հովհաննես Քյուրքչյանը հասցրեց հրատարակել ժողովածուի միայն առաջին շարքը՝ թվով 42 լուսանկար: Այնուհետև նա տեղափոխվում է Ինդոնեզիա՝ Սուրաբայա, և այստեղ հաջողությամբ ծավալում իր հետագա լուսանկարչական գործունեությունը՝ մինչև կյանքի վերջը: Իսկ Հայաստանում Քյուրքչյանի գործը շարունակեց նրա արժանի աշակերտը՝ անվանի լուսանկարիչ և դերասան Արամ Վրույրը:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք