Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով. Շավարշ Քոչարյան. Panorama.am
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե՝ պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները:
«Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության: Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ:
Նոր հանրաքվեի գաղափարը միջնորդների կողմից հիմնավորվում էր նրանով, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը ժամանակ տրամադրվի իր բնակչությանն այդ հանրաքվեի անցկացման անխուսափելիությանը, ինչպես նաև երկարատև խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Մադրիդյան փաստաթղթի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու, հայերի դեմ ատելություն սերմանելու, իր բնակչությունը պատերազմի նախապատրաստելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով լարվածություն պահպանելու և սադրիչ գործողություններ իրականացնելու համար: Մանրամասները՝ այստեղ: