Իրանն ԱՄՆ-ին 32 տոննա ծանր ջուր է վաճառել
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտնել է, որ Իրանն ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին 32 տոննա ծանր ջուր (սովորական ջրի համեմատությամբ ավելի մեծ խտություն ունեցող ջուր, որ ստացվում է դեյտերիումի և թթվածնի միացությամբ, 2H2O կամ D2O) վաճառելու գործարքը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Այս պահին մենք ԱՄՆ-ին վաճառել ենք 32 տոննա ծանր ջուր և ստացել գումարը: Ծանր ջուրն ուղարկվել է ԱՄՆ»,- հայտնել է նա:
Գործարքի վերջնական արժեքը չի հրապարակվել:
Արաքչին նշել է, որ նման բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ: Երկու կողմերը դեռևս համաձայնության չեն եկել այդ հարցով, սակայն հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի կողմից 40 տոննա ծանր ջրի գնմանը:
Որոշ երկրներում, օրինակ՝ Ավստրալիայում, ծանր ջրի կոմերցիոն շրջանառությունը պետական սահմանափակումների տակ է: