75-ամյա ֆուտբոլիստ Պելեն ամուսնացել է 3-րդ անգամ
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն 75 տարեկան հասակում ամուսնացել է 3-րդ անգամ: Նրա ընտրյալը 50-ամյա Մարսիա Սիբել Աոկին է: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Աոկին ունի ճապոնական ծագում: Պելեն նրա հետ ծանոթացել է դեռևս 1980-ականներին Նյու Յորքի աղմկոտ միջոցառումներից մեկի ժամանակ: Բայց այն ժամանակ նրանց միջև հարաբերություններն այդպես էլ չդասավորվեցին: Միայն մի քանի տասնամյակ անց 2010 թ-ին Պելեն և Աոկին կրկին պատահաբար հանդիպեցին: Ճակատագրական հանդիպումը տեղի ունեցավ բազմահարկ տան վերելակում:
Դրանից հետո նրանք այլևս չբաժանվեցին: Ամուսնությունը նախատեսված էր դեռևս անցյալ տարի, բայց Պելեի առողջական խնդիրների պատճառով այն հետաձգվեց: Իսկ այժմ ճոխ հարսանիք տեղի ունեցավ Սան Պաուլուում, որին հրավիրված էր 120 մարդ:
Նշենք, որ Պելեն իր նախորդ ամուսնություններից ունի 5 երեխա:
.