Առաջնահերթն այս պահին հայրենիքին ծառայելն է. Վլադիմիր Արզումանյանը՝ ծառայության անցնելու և առաջիկա ծրագրերի մասին
Վլադիմիր Արզումանյան անունը լսելիս, գրեթե բոլորը հիշում են «սրտակեր» այն փոքրիկ տղային, ում 2010 թվականին հաջողվեց գերել Եվրոպայի սիրտը, և ում հաջողվեց «Մանկական Եվրոտեսիլ»-ը բերել Հայաաստան: Այսօր, Վլադիմիրն արդեն չափահաս մարդ է, ով կարծում է, որ չնայած երաժշտական ասպարեզում իր բազմաթիվ ծրագրերին, առաջնահերթն այս պահին հայրենիքին ծառայելն է:
Երգիչն ավարտել է Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանն ու ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ հուլիսի 18-ին բանակ է գնալու: Ի տարբերություն նրանց, ովքեր ամեն առիթ օգտագործում են խուսափելու բանակային կյանքից, Վլադիմիր Արզումանյանը շտապում է ծառայության անցնել:
Ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ Վովան, ինչպես նրան դիմում են բոլորը, ընկերների հետ դիմել է, որպեսզի կամավոր գրանցվի: «Ապրիլյան օրերին ես ու ընկերներս դիմեցինք, որ մեզ կամավոր գրանցեն: Խնդրեցինք, որ եթե անգամ առաջնագիծ չուղարկեն, գոնե ինչ-որ առումով կարողանանք օգտակար լինել մեր տղերքին, բայց, այդպես էլ չկանչեցին: Հիմա արդեն ծառայության կանցնեմ ու կկատարեմ պարտքս հայրենիքիս»,-ասաց երգիչը:
Մեր թղթակցի այն հարցին՝ մտադի՞ր է արդյոք Հայաստանը կրկին ներկայացնել «Եվրատեսիլ»-ում, Վլադիմիրը պատասխանեց. «Չեմ բացառում, սակայն դրա համար տարիներ են պետք, որպեսզի պատշաճ ներկայանաս: Առայժմ, առաջնահերթը՝ ծառայությունս է»:
Չցանկանալով բացել բոլոր փակագծերը՝ Վլադիմիր Արզումանյանը նշեց, որ առաջիկայում հանդիսատեսին ու իր երկրպագուներին անակնկալ կմատուցի նոր ստեղծագործության տեսքով, որտեղ հնարավոր է նաև ոճային փոփոխություն լինի:
Operativ.am-ը երգչին մաղթում է բարի ծառայություն: