Ես անմասն չէի կարող մնալ այս ամենից. Սոֆի Մխեյանը՝ «Yerevan Color Run»-ի մասին (տեսանյութ և լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հուլիսի 9-ին՝ 07:00-ից, մեկնարկել է «Yerevan Color Run»-ը: Այն վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում, ներառյալ` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում, իսկ 2015թ.-ից՝ արդեն Հայաստանում: Նշենք նաև, որ միջոցառումը բարեգործական է և դրա նպատակներից մեկը Գյումրիում անօթևան երեխաներին օգնելն է: «Yerevan Color Run» գունազարդ վազքից ստացված միջոցների մի մասն ուղղվելու է ամենակարևորին և առաջնայինին՝ ապահովել անօթևան ընտանիքներին սննդով, հիգիենայի պարագաներով և հագուստով:
Ինչպես արդեն նշել էինք, տոնին ներկա էին մի շարք հայտնիներ: Նրանց թվում էր նաև երգչուհի Սոֆի Մխեյանը, ով իր երգով էլ ավելի բարձրացրեց մասնակիցների տրամադրությունը:
Երգչուհին մաղթեց հաջողություն, և որ ծրագիրը շարունակական լինի, երկար տարիների ընթացք ունենա: «Այն, ինչ առողջ ապրելապերպ է, այն, ինչ բարեգործություն է, այն, ինչ բարձր տրամադրություն է` ես ինքս միշտ պատրաստ եմ աջակցել, և այսօր էլ այստեղ եմ: Արդեն 2-րդ տարին է, որ իրականացվում է, և ես ուրախ եմ, որ ամբողջ հասույթը փոխանցվելու է բարեգործությանը: Այսօր էլ, քանի որ տիրում է բարձր տրամադրություն, ես նույնպես անմասն չէի կարող մնալ»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:
Միանալով միջոցառմանը` մասնակիցները երգչուհուն նույնպես «ներկեցին» փոշեներկով հենց երգելու ընթացքում:
Ամբողջ տարածքում տիրում էր բարձր տրամադրություն և Երևանը կարծես գունավորվել էր ավելի պայծառ գույներով:
Operativ.am-ը նույնպես մաղթում է երկար և անխափան ընթացք այս նախագծին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: