Ժամանակը շատ արագ է ընթանում, սակայն մարդիկ չսովորեցին զգալ, ապրել ու սիրել. Մարինա Գրեգ
Հաղորդավարուհի Մարինա Գրեգը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասում եմ` կուզենայի հետ գնալ 90-ականներ, ընկերներս ծիծաղում են` ինչ հին ես։ Բայց ես սիրում եմ այդ տարիների ամեն ինչը. երբ սպասում էինք, թե երբ է ձյուն գալու, որ դրսում խաղանք, երբ պապիկս ինձ տանում, հասցնում էր Դաշտավան գյուղի ամենավերջը, որ մոտիկից տեսնեի` ինչպես են ինքնաթիռներն օդ բարձրանում, երբ երիտասարդներն առանց հասկանալու թռչում էին Տրնդեզի կրակի վրայով ու հենց էդտեղ էլ իրար սեր խոստովանում, երբ տատերն ու պապերն առիթներին ամաչելով էին իրար պաչիկ անում։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ միանգամից հասանելի դարձավ, ամեն ինչի այլընտրանքը շատացավ, ու հիմա ժամանակը շատ արագ է առաջ գնում, կյանքն է արագացել, ու այս արագության մեջ մարդիկ չսովորեցին վերանայել իրենց արժեհամակարգը, չսովորեցին կյանքը գնահատել, գնահատել էն, ինչ ունեն, էն մարդկանց, ովքեր իրենց սիրում են։
Շատ տխուր է, բայց մարդկանց թվում է,թե այս ժամանակի ջրերի մեջ բոլորինն առվակ է, իրենցն օվկիանոսն է, ամեն ինչից կա ու շատ է։ Իրար սիրելու փոխարեն մարդիկ չարանում են, մեղադրում, ապացուցում, հետո նորից մեղադրում այնքան, մինչև կամ իրենց օվկիանոսն է ցամաքում, կամ դիմացինի առուն։ Մարդիկ չսովորեցին զգալ, ապրել։ Մարդիկ չսովորեցին սիրել...»: