Մահն ինձ վաղուց արդեն չի զարմացնում, երևի չի էլ վախեցնում. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մահն ինձ վաղուց արդեն չի զարմացնում։ Չի զայրացնում։ Երևի արդեն չի էլ վախեցնում։ Հավասարումն է լուծում կյանքի։ Միակ կետն է, որն անխախտ է։ Աղոթք, սփոփանք, մխիթարություն:Հավատավորի ուժն է՝ անգամ կորստի ճանապարհին։
Հայերն ունիկալ ազգ են: Կարող են լինել անտարբեր, ատել կամ չսիրել միմյանց կենդանության օրոք։ Բայց նշխարքի պես բաժանում են իրար միջև անգամ մահը: Ցավում մեկը մյուսի համար, անգամ, եթե անծանոթ են, ազնվորեն սգում ու հարգում գնացողին, թե մնացողին։
Աշխարհում բոլորին մահն անջատում է: Հային՝ միավորում։ Ես ուզում եմ, որ մենք միավորվենք վերջապես Կյանքի համար։
Սիրենք, որ սիրվենք, հարգենք, որ հարգվենք: Ամեն բան փոխադարձ է։
Հոգին անմահ է։ Թե անհավատորեն քարշ ենք տալիս այս կարճ ու մարմնեղ գոյությունն առանց հավատի, որ հոգին անմահ է, ուրեմն անիմաստ ենք ու անկյանք, թեև դեռ «ապրում» ենք։
Մահն ամենասթափեցնողն է դեղամիջոցներից, որն ամեն անգամ հիշեցնում է, որ մենք անցավոր ենք»: