Վիտամինների դերն ու նշանակությունը
Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և անփոխարինելի են:
Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները բաժանվում են 3 խմբի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր:
Վիտամինների մեծ մասը մարդը ստանում է սննդի հետ, սակայն կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, այսպես կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների:
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ավելին' ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճմանը և ամբողջ օրգանիզմի զարգացմանը:
Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու կենսունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների և շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ:
Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների: Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի անընդհատ ընդունումից: Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդությունների ժամանակ և դրանցից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում, ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում: