Հետաքրքիր տեղեկություններ ջրաներկի մասին
Ջրաներկը ստեղծվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, սակայն այն ավելի լայն տարածում է ստացել Վերածննդի դարաշրջանում: Այն հանդիսանում է ամենահարմար և ամենամատչելի ներկանյութը գեղանկարչական աշխատանքներ կատարելու համար: Այն թափանցիկ ներկանյութ է, հեշտությամբ լուծվում է ջրում: Սրանով աշխատում են թղթի վրա:
Կա ջրաներկով աշխատելու երկու տեխնիկա՝ թաց (անգլիական) տեխնիկա և չոր, շերտավոր (իտալական)տեխնիկա:
Թաց`անգլիական. Այս տեխնիկայի ժամանակ թուղթը, որի վրա պետք է նկարենք, ամբողջությամբ պետք է թրջել, այնուհետև այն պետք է ամրացնենք հարթ մակերևույթին: Աշխատանքը պետք է սկսել թղթի վերևի հատվածից, և փուլ առ փուլ պետք է դնել գույները մինչև թղթի ներքևի հատվածը: Պետք է մինչ թղթի չորանալը հասցնենք աշխատանքը ավարտել, այլապես մեր աշխատանքը ապարդյուն կլինի:
Չոր, շերտավոր` իտալական. Այս տեխնիկաի դեպքում պետք է պարզապես գույները դնել շերտերով: Հարկավոր է աշխատանքը սկսել ավելի բաց երանգներ դնելով, ապա աշխատանքի ընթացքում՝ հետզհետե ավելի մգացնելով համապատասխան մգության կարիք ունեցող հատվածները: