Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները, բայց Էրդողանը ցանկանում է պահել դեմքը. ՌԴ պատգամավոր
Թուրքիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ, բայց նախագահ Թայիփ Էրդողանի համար կարևոր է «սեփական դեմքը» պահելը: «РИА Новости»-ին հայտնել է «Արդար Ռոուսաստան» կուսակցության պատգամավոր Միխայիլ Եմալյանովը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունը, թե Անկարան չի փոխհատուցի խփված «Սու-24»-ի արժեքը:
Նշենք, որ նախօրեին Էրդողանը Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում իր ցավակցությունն ու ափսոսանքն էր հայտնել օդաչուի մահվան առթիվ, ներողություն էր խնդրել և հայտարարել, որ Թուրքիան չի ցանկանա վնասել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր չէ փոխհատուցել խփված «Սու-24»-ի արժեքը, Թուրքիան միայն ներողություն է խնդրում տեղի ունեցածի համար:
«Այն, որ թուրքերը ցանկանում են կարգավորել հարաբերությունները, լիովին ակնհայտ է, նրանք պարզապես այլ ելք չունեն: Մեր ինքնաթիռը խփելուց հետո, նրանք ԱՄՆ-ից և Եվրոպայից ցանկանում էին թույլտվություն ստանալ մեր միջև հարաբերությունները բարելավելու համար»,- նշել է Եմելյանովը:
Նա նշել է, որ Էրդողանը ԱՄՆ-ի և Եվրոպայի համար այնքան էլ հարմար գործընկեր չէ, ուստի ամերիկացիներն ու եվրոպացիները չեն ցանկանում նրան տեսնել իշխանության գլուխ:
Խփելով ռուսական ինքնաթիռը` Թուրքիան կորցրեց Ռուսաստանի նման վստահելի գործընկերոջ, այդ թվում` ռազմական և տնտեսական տեսանկյուններից:
«Այժմ Թուրքիան, ձեռք չբերելով նոր ընկերներ Արևմուտքում, կորցնում է մեր շուկաները, որը զգալի հարված է Թուրքիայի տնտեսությանը, կորցնում է ոչ միայն մեր տուրիստներին, այլև կրում է քաղաքական կորուստներ: Այդ պատճառով էլ Թուրքիան հետաքրքրքված է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելով: Ես կարծում եմ, որ փոխհատուցումը բանակցությունների հարց է»,- հավելել է խորհրդարանականը: