Ես Հռոմի պապին սկսեցի համեմատել մեր Վազգեն Առաջինի հետ, քանի որ նա ունի նույն հզորությունը, կեցվածքը և բարոյականությունը. Նիկոլայ Ծատուրյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը խոսեց Հռոմի պապի հայաստանյան այցի, ամենակարևոր դասի ու ձեռքբերման մասին:
«Ինձ համար այս այցն ավելի կարևոր էր մի հանգամանքով. սա բարոյականության դաս էր մեր ազգին: Այ, եթե մենք հասկանանք և ընկալենք այս բարոյական կողմը, ինչ որ մի բան կփոխվի»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը:
Նրա պնդմամբ՝ մենք Ֆրանցիսկոս պապի այցն ընկալում ենք այնպես, որ հայերին շատ է սիրում, իսկ իրականում, նա շատ ավելի խելոք և հեռատես քաղաքականություն է վարում:
«Նա տեսնում է, որ Եվրոպան լցվում է իսլամի ներկայացուցիչներով: Բա ինչո՞ւ է ասում. «Խնդրում եմ, աղոթեք մեր եկեղեցու համար»: Հայերն աղոթեն կաթոլիկների համար, այսինքն՝ նա հասկացնում է, որ բոլորս պետք է միավորվենք, բռունցք պետք է դառնանք և սա շատ կարևոր մեսիջ էր աշխարհի համար: Ինչ վերաբերում է Ֆրանցիսկոս անձնավորությանը, ապա ես նրան սկսեցի համեմատել մեր Վազգեն Առաջինի հետ: Այն նույն հզորությունը, այն նույն կեցվածքը, այն նույն բարոյականությունը»,- նշեց Նիկոլայ Ծատուրյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: