Հռոմի պապը գնաց և Հայաստանում թողեց լույսի և բարության իր բաժինը. Դավիթ Գյուրջինյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը խոսեց Հռոմի պապի հայաստանյան այցի, ամենակարևոր դասի ու ձեռքբերման մասին:
Ըստ Դավիթ Գյուրջինյանի՝ Պապի այս քայլերը պարզ, մարդկային քայլեր են. զորակցել կարիքավորին, օգնություն ունեցողին, վշտակցել հիվանդին, աջակցել աղքատին, խնդակցել մանկանը, ապրումակցել հաշմանդամին:
«Դրանք մարդկային ուղերձներ են, որ մեր հասարակությունը որսաց: Եվ այդ բարձր գաղափարներից, որ կրկին եղան՝ ցեղասպանության հիշատակում, մեր ժողովրդի առաքելության մասին խոսքը, մեր մշակույթի դերը համաշխարհային մշակույթի գանձարանում, ժողովրդի մեջ նստեց այս մասը, այդ զորակցումը, աջակցումը, ցավակցումը, կարեկցությունը: Ես հույս ունեմ, որ սա անհայտ չի կորչելու: Ոմանք ասում են. «Նա գնաց և իր հետ տարավ լույսն ու բարությունը»: Ո՛չ, նա գնաց և Հայաստանում թողեց լույսի և բարության իր բաժինը, գուցե նշույլ թողեց: Իրականում, նշույլ չթողեց նա մեծ հետք պետք է թողնի մեր գիտակցության մեջ»,- ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Նրա պնդմամբ՝ այն մարդիկ, ովքեր չպետք է փոխվեն, չեն էլ փոխվելու, այլ կփոխվեն նրանք, ովքեր պետք է առնեն այդ լույսը, պետք է զգան այդ լույսը և այդ բարի հունդերը, որ ցանվեցին մեր մտքերում: Մենք ականատեսը եղանք այդ պարզ գործելակերպին: Պետք է այստեղ ծիլեր տան, պետք է բազմանան:
Մանրամասները՝ տեսնյութում: