Հռոմի պապի այցը պետք է միշտ հիշենք, քանի որ այն դարակազմիկ է. Մերուժան Տեր-Գուլանյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը խոսեց Հռոմի պապի hայաստանյան այցի, ամենակարևոր դասի ու ձեռքբերման մասին:
Նրա խոսքով՝ 1000 տարի սպասվում էր, որ մի օր քաղաքակրթության որևէ երևելի կենտրոնից հնչի Նարեկացու անունը և նա հռչակվի տիեզերական վարդապետ:
«Մենք 100 տարի սպասում էինք, որ այդպիսի երևելի մի կենտրոնից կհնչի, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր: Եվ զարմանալի բան է, որ այդ 2 առաքելությունը կատարեց սրբազան հովվապետը՝ կաթոլիկական եկեղեցու Ֆրանցիսկոս պապը»,- ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և հավելեց,- «Ինձ հետաքրքրեց այդ երևելի, այդ իսկապես սրբազան մարդու խոսքը մեր ժողովրդին ուղղված: Նախ ձևակերպումը, որ «Նարեկացին ձեր հոգևոր սահմանադրությունն է», այնուհետև, ասելով. «Նարեկացին համամարդկային աղոթագիրք է, ամբողջ մարդկությանն է հասցեագրված, ամբողջ մարդկությունը պետք է այդ գրքով մարդասեր դառնա»: Նա խոսքը զարմանալի մի բանով ավարտեց ասելով. «Մարդկությունը, աշխարհը, ձեր ներկայության կարիքն ունի», այսինքն՝ մեր, մեր ազգի»:
Նրա պնդմամբ՝ սրբազան հովվապետի այցը պետք է հիշենք, քանի որ այն դարակազմիկ էր և այնպես, ինչպես ինքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Սուրբ Պետրոսի տաճարում՝ ոչ ոք չէր անի:
«Եվ զարմանալիորեն, այս մարդը, որ վերցրել է իր վրա Սուրբ Ֆրանցիսկոյի անունը, այս լուսավոր մարդը, ինքը գիտի ինչու է վերցրել և այդ ճանապարհով էլ գնում է: Սատար կանգնելով բոլոր նրանց, ովքեր իրավազրկված են, տանջված են, ընդուպ մինչև ովքեր ընչազուրկ են: Մարդը շարունակում է այն գործը, ինչ Սուրբ Ֆրանցիսկոն էր արել ժամանակին»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում