Մայիսի 19-ին հայ նշանավոր կինոռեժիսոր, կինոդերասան Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է
Համո Բեկնազարյան ծնվել է 1982թ. մայիսի 19-ին Երևանում: Հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ»կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935թ)։
Համո Բեկնազարյանը 1914թ սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին։ Նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում։
1918թ ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը: 1921թ գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր։ 1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան։ 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը' «Նամուս»ը։ Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսևորելու իր տաղանդի ահռելի ուժը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության և ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան։
Այդ տարիներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են «Զարե» , «Շոր և Շորշոր» ։ Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը' «Պեպո»ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում։ Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր' «Դավիթ Բեկ» (1943թ) և «Զանգեզուր» (1938թ)։ Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել։«Երրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնում է անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվում են, իսկ նախագիծը՝ փակվում։
Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքում է «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսում է ֆիլմեր նկարահանել միջինասիական հանրապետություններում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը կնոջ՝Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։ Հայ նշանավոր կինոռեժիսորը կյանքից հեռացավ 1965 թվականի ապրիլի 27-ին: