Թուրքիայում սկսվել է ռուսական «Су-24»-ի օդաչուի ենթադրյալ սպանողի դատը
Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի դեմ դատական գործընթացը սկսվել է Իզմիր քաղաքում՝ Թուրքիայի արևմուտքում: Նա մեղադրվում է ապօրինի եղանակով զենք ունենալու և պահելու մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Դատական նիստը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում: Նիստի դահլիճի մուտքը հսվում է ոստիկանության զինված աշխատակիցների և հատուկ ծառայությունների կողմից՝ մոտ 15 մարդ: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել նիստի դահլիճ՝ պատճառաբանելով, որ այնտեղ տեղ չկա:
«Դահլիճը շատ փոքր է, հանրության համար շատ քիչ տեղ կա, մենք կարող ենք ԶԼՄ-ներին դահլիճ թողնել նիստի ընդմիջման ընթացքում, եթե հայտարարվի այն»,- գործակալությանը հայտնել է դատարանի անվտանգության աշխատակիցը:
Թուրքական «F-16» կործանիչը 2015թ- նոյեմբերի 24-ին Սիրիայում խփեց ռուսական «Су-24»-ը: Ռուս օդաչու Պեշկովի՝ ինքնաթիռից դուրս թռչելուց հետո գետնից են կրակել:
Ավելի ուշ իր մասնակցության մասին հայտնել է Չելիքը: Ապրիլի սկզբին նա ձերբակալվել էր Իզմիրում՝ ապօրինաբար զենք ունենալու և պահելու մեղադրանքով: Քննության ընթացքում նա հայտնել է, որ անձամբ չի կրակել Պեշկովի վրա և իր ենթականերին հրամայել է չկրակել, սակայն որպես իր ռազմական խմբի հրամանատար՝ իր վրա է վերցրել դեպքի պատասխանատվությունը: Դատախազությունը հանել է սպանության մեղադրանքը նրանից՝ բավարար փաստեր չունենալու պատճառով: