Անկարան ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում զգալի առաջընթացի է հասել. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ երկիրը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նշանակալի առաջընթացի է հասել, որի մասին շուտով կհայտարարվի: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Հրաշալի արդյունքներ կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, մոտ ժամանակներս մենք կկիսվենք ժողովրդի հետ դրա մասին տեղեկություններով»,- հայտնել է Յըլդըրըմն իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել են թուրքական հեռուստաընկերությունները:
Ավելի վաղ այսօր Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ ռուսական կործանիչի հետ կապված միջադեպից հետո ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ազդանշաններ կան:
ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամի մեջ մտան այն բանից, հետո երբ նախորդ տարվա նոյեմբերին թուրքական կործանիչը խփեց ռուսական «Су-24» ինքնաթիռը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թուրքիայում ահաբեկչությունները քիչ չեն, քան Եգիպտոսում, և ռուսներին խորհուրդ չէր տվել մոտ ժամանակներս Թուրքիա այցելել: