Ոստիկանները Ստամբուլում արցունքաբեր գազ են կիրառել՝ գեյ-շքերթը ցրելու համար
Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել Ստամբուլի կենտրոնում, որպեսզի ցրեն գեյ-շքերթը: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդում է անգլիական գործակալությունը, ոչ ավանդական սեռական կողմնորոշման փոքրամասնությունների ներկայացուցիչները հավաքվել էին՝ ոչ թույլատրված քայլերթ անելու:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մինչև այժմ մի քանի հարյուր ոստիկաններ կան: Բացի այդ, նաև բերման են ենթարկվել գեյ-շքերթի մի քանի մասնակիցներ:
Ի սկզբանե ոչ ավանդական սեռական կոմնորոշում ունեցող փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր էին երթն անցկացնել հունիսի 24-ին, սակայն իշխանություններն արգելել էին անվտանգության նկատառումներով: Արդյունքում նույնասեռականները որոշում էին ընդունել ստամբուլյան հրապարակում շքերթն անել այսօր: