«Անկուսակցական» կամ «Բարև, Երևան»-ի «անդամ»` Դորիանս» :)
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ չորրորդ գումարման «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի և ԱԺ չորրորդ գումարման ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ՝ հետևյալ հումորային հարցով. «Դորիանս» խմբի շանսերը «Եվրատեսիլում» ինչպիսի՞ն կլինեն, եթե համեմատենք Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված որևէ կուսակցության հետ:
Ստյոպա Սաֆարյան- Ես կհամեմատեմ «Բարև Երևանի» հետ, որովհետև «Դորիանս»-ն էլ «Բարև Երևանի» նման իր գործը լավ անում է՝ անկախ նրանից, թե արդյունքում ինչ կլինի:
«Դորիանս»-ի ելույթով հիացած եմ. ուղղակի ափսոսում եմ, որ ավելի լավ երգով չեն ներկայացել. Գոռն այնքան լավ կատարեց, որ լսելուց պարզապես սարսռեցի, նրա ելույթը բավական տարբերվող էր և համոզիչ:
Լիլիթ Գալստյան- Չէի ցանկանա «Եվրատեսիլը» մեր քաղաքական իրականության հետ զուգահեռել։ Շատ շատերը «Եվրատեսիլը» լրջորեն երկրպագում են որպես երգի մրցույթ ու մեր անհաղթանակ ու տխուր կյանքում գոնե այդ բեմում հաջողություն փնտրում։ Համ էլ կարծես թե այն քիչ առիթներից է, երբ հայերով մեկ նպատակի շուրջ կարողանում ենք համախմբվել։ Ուստի ճիշտ կլինի չհիասթափեցնել նրանց: «Եվրատեսիլը» քաղաքականության հետ համեմատելը շատերի համար շոկային կլինի, «Դորիանս»-ի համար էլ՝ վիրավորական։ Այս պարագայում թող «Դորիանս»-ը ասոցացվի ոչ որևէ կուսակցության, այլ մեր ժողովրդի այն հատվածի հետ, որ չի կորցրել ազատության ու արդարության հույսը։ Այո, ավելի ճիշտ է «Դորիանս»-ին ընկալել որպես «անկուսակցական» և համեմատել ժողովրդի հետ։ Համ էլ ռոքն ազատության երգն է, ինչ կուսակցություն, ինչ քաղաքական խաղեր, կեղծ ընտրություններ....։ Հաղթանակ մեր ազատատենչ ժողովրդին ու «Դորիանս»-ին։