Ամատունի Վիրաբյանը՝ Հռոմի պապի արխիվում առկա հայերին և Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի մասին (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը խոսեց Հռոմի պապի արխիվում առկա հայերին և Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի մասին:
Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ Վատիկանի արխիվը նախկինում գաղտնի էր, սակայն այսօր, դրա մի մասն արդեն գաղտնի չէ: «Դա աշխարհի ամենամեծ արխիվն է, եթե փաստաթղթերն իրար կողք դնենք, ինչպես գրքերն են դնում, ապա կտեսնենք, որ այն հասնում է 85 կիլոմետրի: Այդ փոքր քաղաք-պետությունում այդպիսի հսկայական արխիվ է պահվում»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը:
Ամատունի Վիրաբյանը հիշելով Վատիկանի արխիվի աշխատակիցներից մեկի խոսքերը, նշեց, որ նա մի առիթով ասել է. «Մեզ մոտ կա ամեն ինչ՝ Հին Եվրոպայից, Ասիայից սկսած մինչև Ամերիկայի հայտնագործությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ոչ մի ժողովուրդ չի սպրդել մեր տեսադաշտից»:
Ամատունի Վիրաբյանի պնդմամբ՝ աշխարհի ցանկացած ժողովրդի մասին այդ արխիվում կա տեղեկություն: Այդ հսկայական փաստաթուղթը սկսել է ծառայել մարդկության պատմությանը, բայց դեռ մինչև վերջ կարգավորված չէ:
«Ղեկավարում է կարդինալը, ով ղեկավարում է ինչպես գրադարանը, այնպես էլ՝ արխիվը: Բայց դրանք առանձին կառույցներ են Վատիկանում, և նրա տեղակալներից մեկը՝ պրոֆեկտը, ղեկավարում է արխիվը: Նա ունի 50 աշխատող: Մեր հայոց պատմությունը ևս այնտեղ իր էջերի և՛ մութ, և՛ բաց ծալքերն է գտնում, որովհետև որպես քրիստոնեական պետություն, մենք՝ սկսած 3-րդ, 4-րդ դարից, հարաբերվել ենք Հռոմի պապի հետ մինչև մեր օրերը: Բայց մեզ ամենից շատ հետաքրքրում է Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը, քանի որ Հռոմի պապն աշխարհի համարյա բոլոր երկրներում, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում ուներ իր ներկայացուցիչը՝ դիվանագիտական կարգավիճակով և սկսած 19-րդ դարի վերջերից այնտեղ կուտակվել են այդ ներկայացուցիչների հաշվետվությունները և զեկուցագրերը»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում