Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցվի
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականն անդրադարձել է Շվեցարահայության կողմից Ժնևում, կանգնեցվելիք Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին, որի համար ընտրվել Ժնևի Արիանա այգին, որտեղ և գտնվում է է ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնի շենքը: Ինչպես նշում է թերթը, Ժնևի քաղաքապետարանը դեռ 2008-ին քաղաքի կենտրոնում ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու թույլտվություն էր տվել: Սակայն տարածքի հետ կապված որոշ խնդիրների պատճառով հուշարձանը չէր կանգնեցվել:
Վերջին օրերին Ժնևի ավագանու ղեկավարությունը հայտարարություններ է արել, ըստ որոնց, հուշարձանը կարող է կանգնեցվել Արիանա այգում:
Հաղորդվում է, որ Շվեցարիայում գործունեություն ծավալող թուրքական կազմակերպությաունները տեղի իշխանություններին իրենց բողոքն են հայտնել այդ նախաձեռնության կապակցությամբ:
Ժնևում կանգնեցվելիք հուշարձանային համալիրի հեղինակն է ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանը: «Հիշողության փողոցային լապտերներ» անվանմամբ հուշարձանախումբը կազմված է լինելու 9 փողոցային լապտերներից, որոնց լամպերի մասերը պատրաստված են լինելու պողպատից և ունենալու են արցունքի տեսք: Հուշարձանի համար 400 հազար շվեցարական ֆրանկը կվճարի շվեցարահայ համայնքը, իսկ մնացած 100 հազարը' Ժնևի քաղաքապետարանը: