Հայ մենապարուհիները՝ Աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոններ (լուսանկարներ)
Հայաստանը 2016 թվականի հենց սկզբից միջազգային բազմաթիվ հաղթանակներ ունեցավ: Այս անգամ մեր երկիրը պատվով ներկայացրել և հաղթանակներով են վերադարձել 4 մենապարուհիներ, ովքեր դարձել են Աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոններ:
Մոսկվայում կայացած «Արտիստիկ» պարերի Համաշխարհային ֆեդերացիայի կազմակերպած առաջնությանը մասնակցել է 30 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, որի մասնակիցները Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի սաներն են եղել:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը:
«Ամենամյա առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 4 մենապարուհու. Ալիսա Գրիգորյանին, Անուշ Անտոնյանին, Մարիաննա Գևորգյանին, Գայանե Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, մասնակից պետությունների թիվը հասել է 30-ի, որոնք ներկայացրել են 8000 մասնակցի: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել 18 անվանակարգում. 10 անվանակարգում գրավել են 1-ին տեղը, 6-ում՝ 2-րդ, և 2-ում՝ 3-րդ, դառնալով Աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն»,-ասաց Արման Ղուկասյանը:
Operativ.am-ը շնորհավորում է մենապարուհիներին և մաղթում նոր հաղթանակներ: