Նույնիսկ եղանակն է հարմարվել «Մահվան տեսիլ» ֆիլմի նկարահանումներին
ՄշակույթՍտալինյան տեռորի, մեծ բանաստեղծ Եղիշե Չաարենցի, նրա սիրելի կնոջ, որբացած երեխաների ու Երևանի բերդում անցկացրած վերջին դաժան օրերի մասին արդեն հնարավոր է ոչ միայն կարդալ, այլ նաև դիտել: Ազատություն ռադիոկայանը' իր թիմային աշխատանքի շնորհիվ, բանաստեղծի մահվանից ճիշտ 75 տարի անց նկարահանեց ու հանրության դատին հանձնեց «Մահվան տեսիլ» գեղարվեստական կինոդրաման:
Ֆիլմի մտահաղացման, ստեղծման աշխատանքների, տպավորված դեպքերի ու չիրականացված դրվագներ մասին Operativ.am-ի թղթակցի հետ կիսվել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:
« Գրեթե ամեն օր մեր տանը հնչում էին նրա բանաստեղծությունները: Յուրաքանչյուր շաբաթ էլ կազմակերպում էինք գրական հավաքույթներ, ու անկախ թեմայից' այն միշտ ավարտվում էր Չարենցով»,- հիշեց Թամրազյանն ու խոստովանեց, որ այդ տպավորություններն ու Չարենցի երկար տարիներ արգելված լինելն են իրեն դրդել ֆիլմի ստեղծմանը:
Ազատություն ռադիոկայանը «Գրողը և իր իրականությունը» հաղորդման շրջանակներում երկու անգամ թերևս փորձել էր ֆիլմ նկարահանել: Ուստի' սկսելը դժվար չեղավ: Քանի որ, ըստ Թամրազյանի՝ Չարենցի մասին շատ բան հայտնի չէ՝ բացահայտված չեն հատկապես վերջին հարցաքնության մանրամասներն ու մահվան իրական պատճառները, նրանք ֆիլմում նկարագրեցին Չարենցի կյանքի հենց այդ ժամանակահատվածը:
«Մենք դեռ ամեն ինչ չէ, որ ցուցադրել ենք ֆիլմում:
Առաջին հերթին չենք ցակացել նկարագրել Չարենցի սոսկալի տանջանքներն ամբողջությամբ, հետո էլ տեխնիկապես այդքան էլ զինված չէինք. ամեն ինչ արել ենք մեր հնարավորության սահմաններում»,- Operativ.am- ի հետ զրույցում անկեղծացավ Հրայր Թամրազյանն ու նշեց, որ ֆիլմի ստեղծման գործում իրեն շատ օգնել են իր գործընկերները: Օրինակ' սցենար գրելու դժվարին հարցը Հրայր Թամրազյանը վստահել է իր գործընկերուհի Գայանե Դանիելյանին, ով նույնպես մեզ հետ հանդիպմանը ներկա էր:
«Ես ևս մեկ անգամ ուսումնասիրեցի Չարենցի կյանքը, գործունեությունը, ստեղծագործություններն ու ձեռքի տակ եղած բոլոր նամակները: Այս ամենից հետո Հրայրի հետ որոշեցինք, որ հիանալի կլինի, եթե ֆիլմը կառուցենք Չարենցի կնոջ' Իզաբելա Չարենցի հուշերի հիման վրա: Այդպես էլ արեցինք»,- ասաց սցենարի հեղինակը:
Դերասանների ընտրությունը ևս դժվար չի եղել: Իզաբելա Չարենցին մարմնավորած կինը տաղանդավոր դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանն է, իսկ Չարենցի դերակատարը՝ մնջախաղի գիտակ Արա Հարությունյանը: Հրայր Թամրազյանն ասաց, որ սկզբից էլ, նկատելով Արայի և Չարենցի նմանությունը, ցանկացել է, որ նա խաղա Չարենցի դերը: Առաջարկել է, բայց Արան սկզբում մերժել է:
«Արան մնջախաղի դերասան է և մտավախություն ուներ, որ չի կարողանա խաղալ: Մեզ համոզել չէր հաջողվում: Հույսներս կորցրած' ուրիշ դերասան գտանք: Բայց, փառք Աստծո, վերջին պահին Արան մտափոխվեց ու համաձայնվեց: Մենք, առանց ժամանակ կորցնելու, սկսեցինք նկարահանման աշխատանքները»,- ասաց Թամրազյանն ու նշեց, որ դրանք ևս անցել են առանց խոչընդոտների:
«Կառավարության աշխատակիցները, Չարենցի տուն-թանգարանը և նույնիսկ ոստիկանները կրկին աջակցել են «Մահվան տեսիլ» ֆիլմի նկարահանումներին:
Մենք բողոքելու տեղ չունենք: Տարօրինակ է, բայց մեզ հետ հարմարվում էր նույնիսկ եղանակը»,- ծիծաղելով նշեց Գայանե Դանիելյանն ու ավելացրեց. «Էջմիածնի տեսարանները նկարահանելիս ուժեղ անձրև էր գալիս, բայց երբ դերասնները համբուրվեցին, արև դուրս եկավ»:
Մոտ երեք ամիս տևած աշխատանքներից հետո, հենց Չարենցի մահվան օրը' նոյեմբերի 27-ին, Արմնյուզ հեռուստաընկերության եթերում կայացավ ֆիլմի պրեմիերան:
Հրայր Թամրազյանը ուրախությամբ նշում է, որ ֆիլմի մասին կարծիքները միայն դրական են եղել:
«Ինձ համար ամենակարևորը շարքային հեռուստադիտողի կարծիքն է: Շատ ուրախացա, երբ ֆեյսբուքյան ըկերներիցս մեկը ինձ գրեց «Շնորհակալություն արցունքներիս համար»»,- operativ.am-ի հետ զրույցում անկեղծացավ Թամրազյանը:
Նշենք, որ այսօր, ժամը 18.00- ին, Եղիշե Չարենցի մասին պատմող «Մահվան տեսիլ» ֆիլմը կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է լինելու: Իսկ նրանք, ովքեր ժամանակ չունեն գնալ Մոսկվա կինոթատրոն, հնարավորություն ունեն դիտել այն մեր կայքում: