Այսօր Երվանդ Քոչարի ծննդյան օրն է
Երվանդ Սիմոնի Քոչար (Քոչարյան) (հունիսի 15 1899, Թիֆլիս-հունվարի 22 1979, Երևան), հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։
Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում շուշեցի Սիմեոն և Ֆեոկլա Քոչարյանների ընտանիքում։ 1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում, 1918 թվականին՝ Մոսկվայի պետական ազատ գեղարվեստական արվեստանոցում Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ 1919 թվականին վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1921 թվականին Քոչարը գեղանկարչության պրոֆեսոր էր և մինչև Փարիզ մեկնելն արդեն համբավավոր նկարիչ։ 1922 թվականին Քոչարը Կ. Պոլսում էր։ Հաջորդ հանգրվանը Վենետիկն էր, որտեղ երիտասարդ արվեստագետն ուսումնասիրում է Ս. Ղազարի մատենադարանի մանրանկարչական հարուստ հավաքածուն, ծանոթանում հռոմեական և Վերածննդի շրջանի արվեստի գանձերին։
1923 թվականին Քոչարը Փարիզում է։ Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափ։
1936 թվականին Քոչարը վերադարձավ հայրենիք։ Մեծ արվեստագետի ճակատագիրը դրամատիկ ընթացք ստացավ։ Հայրենիքում նա մեղադրվեց ֆորմալիզմի մեջ, ինչը «ժողովրդի թշնամու» հոմանիշն էր։ Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։ Արգելքները, բանտը, մեկուսացումը, անտարակույս, ազդեցին Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա, բայց այս դեպքում կարծես գործեց հակազդման օրենքը։ Որոշիչ դեր ունեցավ նաև խրուշչովյան «ձնհալը»... Այս տարիներին են արարվել «Էքստազը» (1960), «Պատերազմի արհավիրքը» (1962), «Զվարթնոցի արծիվը» (1955), «Կիբեռնետիկայի մուսան» (1972), «Վարդան Մամիկոնյանը» (1972), Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959) և այլ մեծարժեք ստեղծագործություններ։
1948 թվականին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։
Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։
Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Ե. Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ ներկայացրել է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը (գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն)