Կյանքից հեռացել է մանկագիր Երվանդ Պետրոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկցնում է, որ հունիսի 11-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը:
Երվանդ Պետրոսյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում:
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիո հաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում: 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր:
Երվանդ Պետրոսյանը ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում:
վելի քան 25 գրքերի հեղինակ է, զբաղվել է նաև թարգմանությամբ:
1989 թվականին նրա «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999 թվականին «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007 թվականին «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերը` ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի:
2010 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2011 թվականին` ՀՀ վարչապետի հուշամեդալով: