«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ևս կմասնակցի «Թանգարանների գիշերին»
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը այս տարի ևս կմասնակցի մայիսի 18-ի միջազգային օրվան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Նրա կարծիքով` Հայաստանը նման միջոցառումներին հաճախ պետք է մասնակցի: «Փորձը ցույց է տվել, որ նման միջոցառումները նպաստում են արվեստի զարգացմանը և Հայաստանը պետք է հաճախակի ընդգրկվի նման միջոցառումների ցանկում»: Այս տարի օրվա թեման է «Թանգարանային հիշողությունն ու ստեղծարարությունը, որի արդյունքը սոցիալական առաջընթացն է»:
Թանգարանային միջազգային օրն ու «Թանգարանների գիշերը» այս տարի համընկնում են, ուստի տոնի կապակցությամբ այդ օրը այցելուներին կներկայացվի «Մայաների արվեստը» ֆիլմը:
Տնօրենի խոսքով` այս տարի թանգարան-արգելոցը այցելուներին յուրովի կներկայանա: Հնագիտական դպրոցի սաները կներկայացնեն հնագիտական պեղումները, կլինեն ներկայացումներ, կարճամետրաժ ֆիլմեր, իսկ այս ամենը կուղեկցվի հաճելի երաժշտությամբ:
Ըստ Գյուրջյանի' «Մայիսի 18-ին թանգարան այցելում է շատ ավելի մարդ, քան սովորական օրերին: «Նախորդ տարվա Թանգարանային գիշերվա ընթացքում ունեցանք 1465 այցելու, իսկ ամբողջ տարվա ընթացքում 15-17 հազար»,-ասաց նա' հավելելով, որ որոշակի խնդիրներ է առաջացնում թանգարանի դիրքը, որը հեռու է Կենտրոնից:
Բանախոսը նշեց նաև, որ կան այլ օրեր, որոնց ընթացքում մուտքը թանգարան ևս անվճար է: Դրանք ամեն ամսվա վերջին շաբաթ օրն է: «Թանգարանի մուտքի տոմսը թանկ չէ, կազմում է 200-1000 դրամ: Այնպես որ, սպասել անվճար օրերի և նոր այցելել, կարծում եմ չարժի»,- հավելեց տնօրենը: