Ասմունքում է Մհեր Մկրտչյանը. «Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...»
ՄշակույթՄհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհեր Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր'ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։ 1953 թվականին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում։
1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհեր Մկրտչյանը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։ Մհեր Մկրտչյանը, եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Ստորև ներկայացնում ենք ձեզ դերասանի կողմից հնչեցված իրական լեգենդ Պարույր Սևակի հայտնի տողերը:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...
Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...