Էրդողանն անհարմար պատգամավորների «սև ցուցակ» ունի. թուրք պատգամավոր
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգերի ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչ Այշե Աջար Բաշարանը մեկնաբանել է վերջերս ընդունված օրենքը, որը չեղարկում է պատգամավորների անձեռնմխելիությունը: Նա հայտնել է, որ այդ օրենքն ուղղված է Էրդողանի համար անհարմար քաղաքական գործիչների դեմ: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
«Լիովին ակնհայտ է, որ ընդդիմադիր պատգամավորների մի մասին ցանկանում են մաքրել խորհրդարանից և այսպիսով մեծամասնությամբ ապահովել նախագահի համար անհրաժեշտ օրենքները»,- «Известия» թերթին տված հարցազրույցում հայտնել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայում ակտիվորեն հաստատվում է Էրդողանի բռնապետությունը: «Էրդողանի բռնապետությունը այն է, ինչ կատարվում է հենց հիմա մեր աչքերի առաջ: Թուրք նախագահը մշտապես ասում է, որ իրեն աջակցում է քաղաքացիների 50%-ը: Բայց չէ՞ որ կա նաև մյուս 50%-ը, ովքեր նրա քաղաքականությանն այլ կերպ են վերաբերվում: Բացի այդ, Էրդողանը հետապնդում է այլախոհներին»,- նշել է պատգամավորը: