Թուրքիան նպատակ ունի Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների «ինկուբատոր» ստեղծել
Թուրքիան ձգտում է մաքրել Սիրիայի հյուսիսը քրիստոնյաներից և այնտեղ բարենպաստ պայմաններ ապահովել ահաբեկչական կազմակերպութունների «ինկուբատոր» ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Խադաֆը Պետդումայի` Քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակցային պատգամավորական խմբի նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
«Թուրքիան իր քաղաքական պլանների շրջանակներում փորձում է վերջնականապես մաքրել Սիրիայի հյուսիսը քրիստոնեական հասարակության ամենակարևոր կոմպոնենտներից մեկից: Թուրքիան ձգտում է բարենպաստ հիմքեր ստեղծել արմատական գաղափարախոսության ընդունման համար, որպեսզի այդ շրջանը «ինկուբատոր» դառնա ահաբեկչական խմավորումների համար և որպեսզի Էրդողանն այնտեղ իրականացի իր վաղեմի երազանքը` Օսմանյան կայսրության վերածնունդը»,- նշել է դեսպանը:
«Թուրքիան սարսափ է սերմանում քրիստոնյաների սրտերում իր հանցավոր գործունեության` սպանությունների, բռնությունների, եկեղեցիների բռնազավթման միջոցով: Անհրաժեշտ է իմանալ, որ իրականում նա ճնշում է քրիստոնյաներին, որպեսզի նրանք լքեն իրենց հայրենիքը: Երեկ նրանք լքեցին Իրաքը, Հորդանանը, Պաղեստինը, իսկ այսօր լքում են Լիբանանն ու Սիրիան»,- հավելել է Ռիադը:
«Սիրիական բանակն ու կառավարությունը վերջին հինգ տարիների ընթացքում եղել են բոլոր սիրիացիների, այդ թվում և քրիստոնյա, անվտանգության ապահովման երաշխիքը»,- ընդգծել է դեսպանը: