Հռոմի պապի աննախադեպ այցը՝ Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին դեռևս ապրիլի սկզբին հաղորդագրություն տարածեց ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, սակայն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան սպասվող այցի մասին մամուլում վաղուց էին լուրեր շրջանառվում, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը դեռ 2014 թ. սեպտեմբերին Հռոմի պապին պաշտոնապես հրավիրել էր 2015 թ. այցելել Հայաստան:
Համաձայն նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության` Ֆրանցիսկոս պապն ընդունել էր հրավերը՝ վստահեցնելով, որ ցանկությունը գալ Հայաստան՝ մեծ է:
Իտալական մի շարք հեղինակավոր թերթեր և պարբերականներ ևս անդրադարձան Հռոմի պապի հայաստանյան սպասվելիք այցին: Մասնավորապես՝ «La Stampa» թերթը, երբ դեռ հստակեցված չէր այցի օրը, նշել էր, որ Հռոմի պապի՝ Հայաստան այցը սպասվում է 2016-ի սեպտեմբերին, ինչպես նաև նշել էր, որ այցը կրելու է տարածաշրջանային բնույթ. այն է՝ Հռոմի պապը պետք է այցելեր՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:
Սակայն, Հռոմի պապը կայցելի միայն Հայաստան, ինչն աննախադեպ է: Հունիսի 24-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո՝ Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը՝ երեկոյան, Սրբազան Քահանայապետը նախագահական նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Նշենք, որ Հռոմի պապը գիշերելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վեհարանում, որտեղ նրա համար հատուկ սենյակ են պատրաստում՝ հատուկ կահավորանքով, իսկ նրա հետ ժամանող պատվիրակությունը (մոտ 50 հոգի), հանգրվանելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նորակառույց շենքում, որը ևս հատուկ կահավորվում է:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:
Հիշեցնենք նաև, որ Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու 2-րդ առաջնորդն է, ով կայցելի Հայաստան: 2001թ. Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: