Ջեք Բլեկի մահվան մասին լուրը կատակ է եղել
«Tenacious D» ռոք խմբի թվիթթերյան էջում նոր հաղորդագրություն է տարածվել, որում մասնավորապես նշվում է. «Լեգենդը ողջ է, ամեն ինչ կարգին է, ժողովուրդ»:
«Tenacious D»-ի մեկ այլ գրառման մեջ խոստովանում են, որ հոլիվուդյան դերասան Ջեք Բլեկի մահվան մասին գրառումը կատակ է եղել. «Հանգստացե՛ք, տղաներ: Սա ուղղակի կատակ էր, եղբայրներ: Ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը»,- նշվում է այդ հաղորդագրության մեջ:
Ջեք Բլեկի մահվան մասին ԶԼՄ-ները հաղորդել էին մոտ երեք ժամ առաջ: Ռոք խումբը թվիթթերյան իր էջում էր հայտնել դրա մասին: Տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել, սակայն այն համացանցում մեծ իրարանցում էր առաջացրել: Որոշները կասկածում էին, որ խմբի էջը կոտրել են: Մի քանի օգտատեր ուշադրություն էր դարձրել Բլեկի լուսանկարների վրա՝ արված Գերմանիայում՝ իր «մահից» 9 ժամ առաջ:
Ջեք Բլեկը ծնվել է 1969թ-ին: Դերասանը համաշխարհային ճանաչում ունեցավ՝ խաղալով մի քանի կատակերգական ֆիլմերում: